Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղ. oncology.am

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղ. oncology.am

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղը երկար ժամանակ կարող է ընթանալ անախտանիշ: Դա բավականին հազվադեպ հիվանդություն է, որը հանդիպում է չարորակ ուռուցքով հիվանդների 1%-ի մոտ: Ուռուցքը զարգանում է լեղածորանների գեղձային հյուսվածքից:  Ուռուցքն աճում է ինֆիլտրատիվ՝ տարածվելով լեղածորանի ընթացքով և կարող է ներաճել դեպի լյարդային երակներ և դռներակներ, լյարդային զարկերակ, ենթաստամոքսային գեղձ և տասներկումատնյա աղի: Արտալյարդային լեղածորանների քաղցկեղը կարող է մետաստազավորվել լյարդ և շրջակա ավշային հանգույցներ:

Ըստ վիճակագրության, արտալյարդային լեղուղիների քաղցկեղը տղամարդկանց մոտ 1,5-2 անգամ ավելի հաճախ է հանդիպում: Հիվանդությունը հիմնականում ախտահարում է 60 տարեկանն անց մարդկանց:

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի պատճառները

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի զարգացման հստակ պատճառներն անհայտ են: Ներկայումս մասնագետներն առանձնացնում են հիվանդության զարգացմանը նպաստող մի քանի գործոններ: Նրանցից առաջատարը համարվում է լեղաքարային հիվանդությունը: Ամենայն հավանականությամբ, ուռուցքային գործընթացի զարգացման պատճառ է լեղային կոնկրեմենտների կողմից ծորանների պատերի քրոնիկական գրգռումը:

Նախատրամադրող գործոններից են նաև լեղածորանների անատոմիական անոմալիաները, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը, լեղուղիների բնածին կիստոզ դիլատացիան, մանրէային և մակաբուծային վարակները:

Մի շարք բժշկական ուսումնասիրություններում նշվում է արտալյարդային լեղուղիների քաղցկեղի զարգացման բարձր հավանականություն մի շարք քիմիական նյութերի (բետա-նաֆտիլամինի և բենզիդինի) հետ շփվող մարդկանց մոտ:


Հիվանդության ախտանիշները  

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի ախտանիշները  քիչ են տարբերվում բիլիար համակարգի մյուս հիվանդությունների ախտանիշներից: Արտալյարդային լեղուղիների քաղցկեղային ախտահարման ամենավաղ ախտանիշը մեխանիկական դեղնուկն է, որն առաջանում է ավելի քան 95% դեպքերում: Որոշ հիվանդների մոտ դեղնությունն առաջանում է հանկարծակի, մյուսների մոտ՝ աստիճանաբար, 2-4 ամիսների ընթացքում: Հիմնականում դեղնուկն ընթանում է ինտենսիվ, երբեմն` ալիքաձև կամ կրկնություններով:

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի համար բնորոշ են աջ թուլակողում  և ստամոքսի շրջանում վաղ ցավային զգացողությունները, որոնք ուժեղանում են գիշերային ժամերին: Ի տարբերություն հեպատոբիլիար համակարգի այլ հիվանդությունների, արտալյարդային լեղուղիների ցավը կրում է մշտական և արտահայտված բնույթ: Բացի այդ, հիվանդներին կարող են անհանգստացնել սրտխառնոցը, ընդհանուր թուլությունը, քաշի կորուստը, տենդը, կղանքի գունազրկոմը կամ մեզի մգացումը:

Լեղուղիների խցանման դեպքում հիվանդների մոտ զարգանում է ջրգողություն, լեղապարկի էմպիեմա, խոլանգիտ և երկրորդային բիլիար ցիռոզ: Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի ուշ շրջաններում զարգանում են հեպատոմեգալիա և լեղապարկի մեծացում:


Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի բուժումը

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի բուժման ընտրությունն, առաջին հերթին, պայմանավորված է ուռուցքի տեղակայմամբ: Ցավոք, հիվանդությունն ախտորոշվում է ուշ փուլում, ինչը զգալիորեն դժվարեցնում է արմատական բուժումը:

Լեղածորանի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում հնարավոր է լեղածորանի մասնահատում՝ հետագա կարումով: Վերդուոդենալ հատվածի ախտահարման դեպքում իրականացվում է լեղապարկի հեռացում և ծորանի մասնահատում:  Ընդհանուր լեղածորանի հեռակա հատվածում ուռուցքի առկայության դեպքում իրականացվում է պանկրեատոդուոդենալ մասնահատում:

Եթե արտալյարդային լեղուղիների քաղցկեղը կրում է տարածուն բնույթ, ապա  կարող է իրականացվել մասնակի հեպատէկտոմիա կամ Ուիպլի վիրահատություն (այն իր մեջ ներառում է ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի հեռացում, ստամոքսի, լեղածորանի մի մասի և աղիքի մասնահատում): 

Արտալյարդային լեղուղիների քաղցկեղի վիրահատական բուժումը կարող է համակցվել քիմիաթերապիայի, ճառագայթային բուժման և այլ թերապևտիկ եղանակների հետ:

Տվյալ հիվանդության կանխատեսման չափանիշն է հիվանդության փուլը: Հիվանդության ընթացքի տարածուն բնույթի դեպքում կանխատեսումը, որպես կանոն, անբարենպաստ է:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ